Նախընտրական Հայաստան

Источник материала:  
11.04.2012 — Разное

Այն, որ Հայաստանում Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրությունները բուռն էին լինելու, տարվա սկզբին ոչ ոք չէր էլ կասկածում, սակայն որ քաղաքական մրցակցությունը ձեռք է բերելու այս աստիճան շեշտված անհանդուրժողականություն և անկանխատեսելիություն, իրոք որ նորություն էր: Սովորաբար նման իրավիճակներ ստեղծվում են այն երկրներում, որտեղ իշխող քաղաքական ուժը կորցրել է իր ազդեցությունը և չունի բավարար հեղինակություն հասարակության մեջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող Հանրապետական կուսակցությունը առաջիկա ամսվա ընթացքում մոբիլիզացնելու է իր ողջ «ադմինիստրատիվ ռեսուրսը»՝ իրավիճակը փրկելու և կրկին պառլամենտում քաղաքական մեծամասնություն դառնալու համար: Վերլուծաբանների կարծիքով Հանրապետական կուսակցությունը դա կանի մեծ դժվարությամբ, քանի որ չունի վերջին 4-5 տարում երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն հաստատող թեկուզ համեստ ցուցանիշներ: Նրա առաջադրած «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը տարբեր գնահատականների, մեկնաբանությունների և նույնիսկ հումորի առիթներ տվեց: Այսինքն՝ դեռ 5 տարի առաջ շարունակական պրոգրեսից խոսող, «Առաջ Հայաստան» կարգախոսով առաջնորդվող կուսակցությունը ստիպված է ակամայից խոստովանել, որ երկրի զարգացման հեռանկարը աղոտ է և միայն լուրջ փոփոխությունները պետության մեջ դրական պրոցեսներ կապահովեն: Ասել, թե այս կուսակցությունը անկեղծ է իր մտադրությունների և նպակադրումների մեջ, նույնպես դժվար է, քանի որ նրա կուսակցական ու կադրային ինչպես ասում են՝ «գվարդիան» նույնն է մնացել, նույն կոռումպացված տարրերը, օլիգարխիան, իշխանահաճո մտավորականությունը, մեծ թվով հեղինակազուրկ, մի կուսակցությունից մեկ այլ կուսակցություն ցատկող ու թռչկոտող դեմքեր և այլն: Ինչի նման է՝ մի քանի տարի առաջ նախագահը Արտաշես Գեղամյանին անվանում է դատարկություն, «դհոլ», իսկ հիմա նրան ընդգրկում կուսակցության ցանկի առաջին տասնյակում: Նույնը նաև Վիկտոր Դալաքյանի հարցում, ով նախագահին ժամանակին «խաղամոլ» էր անվանել և այլն: Ի դեպ, ՀՀԿ–ի նախընտրական երգի շուրջ արդեն անեկդոտներ են շրջանառվում։ Ինչպես հայտնի է, երգը կատարում է Շուշան Պետրոսյանը, ով ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին քսանյակում է։ Ասում են, թե ՀՀԿ–ն Շուշանին «բարտերով» է ցուցակ մտցրել՝ «Երգ մանդատի դիմաց» ծրագրի շրջանակներում։ Բարգավաճ Հայաստան Կուսակցության մեկնարկը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանի թիմը շեշտը դնելու է զանգվածային միջոցառումների վրա, ինչը հասկանալի է։ Ոմանք գտնում են, որ ԲՀԿ–ն թե՛ իշխանական, թե՛ չեզոք հարցումներով ընտրարշավի առաջատարն է և ամենամարդաշատ կուսակցությունը։ Կկարողանա՞ ԲՀԿ–ն իր դիրքերը պահել և անգամ ավելացնել՝ կախված է մի շարք հանգամանքներից։ Մեկ բան ակնհայտ է՝ Վարդան Օսկանյանի դեմ հանրապետական շրջանակների նյարդային հարձակումները խոսում են իշխող կուսակցության անհանգստության և տագնապների, ինչպես նաև՝ ԲՀԿ «այս սեզոնին մոդայիկ» լինելու մասին։ Մեր կարծիքով՝ միամտություն կլինի մտածել, թե ԲՀԿ ունի լուրջ ծրագրային փաթեթ՝ առաջիկա տարիների համար: Այս կուսակցության պարագայում վճռորոշ է նրա առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի միֆը, հարուստ-բարերարի հեղինակությունը և այլ գործոններ: Սա, անշուշտ, էական նշանակություն կունենա՝ խեղճության մեջ ապրող ընտրազանգվածի համար: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ԲՀԿ այն «լաստանավն» է, որով նպաստավոր զարգացումների դեպքում վերստին իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը: «Օրինաց երկիր» կուսակցության դեպքում խնդիրն այլ է. ընտրողները չեն մոռացել, թե ինչպես մի քանի տարի առաջ Արթուր Բաղդասարյանը դավաճանեց իր էլեկտորատին ու գնաց միացավ փոքր ու միջին բիզնեսին «առանձնապես չսիրող» Սերժ և Տիգրան Սարգսյաններին։ Ապրիլի 7–ին տեղի ունեցած ՕԵԿ հանրահավաքն ավարտվեց նրանով, որ Արթուր Բաղդասարյանը դիմանկարով գովազդային պաստառիկները հայտնվեցին ասֆալտին։ Ըստ որոշ կանխատեսումների՝ մայիսի 7–ին արդեն մի ամբողջ կուսակցություն հնարավոր է հայտնվի ԱԺ պատերից դուրս, կամ՝ ինչպես ասում են կատակով՝ «հորինած երկիր էիր, այդպիսին էլ մնա….»: «Ժառանգության» մեկնարկը և Րաֆֆի Հովհաննիսյանի պաթետիկ և հոզախռով ելույթներից տպավորությունն այնպիսին էր, որ նա պայքարում է ոչ թե պատգամավորական, այլ «վեհափառի աթոռի» համար. նրա խոսքի տոնայնությունը և առոգանությունն այլ եզրակացության հիմք չեն տալիս։ Չչկա ոչ մի հստակ «մեսիջ», չկա առարկայական որևէ ասելիք, և չկա կոնկրետություն: Հայ ազգային կոնգրեսը ընտրել է «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը։ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմը հայտարարել է, որ իրենց միակ թիրախը լինելու է ՀՀԿ–ն, ինչը հունից հանել է Բաղրամյան 26–ին։ ՀԱԿ-ի բուն ցանկությունը հավանաբար մի 15-17 մանդատ ձեռք գցելն է: Հայ Յեղափոխական Դաշնակցութունը առաջին հայացքից ընտրողին է ներկայացել լուրջ սոցիալական փաթեթ պարունակող փաստաթուղթով, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կուսակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին: Սակայն 2003թ ի վեր այս կուսակցության քաղաքական անհետևողականությունը՝ մերթ իշխանական կոալիցիայի անդամ լինելը, մերթ՝ ընդդիմություն դառնալը, նրան ընտրողի աչքում դարձնում են անհասկանալի ու նաև՝ անհուսալի: Ընտրարշավի ակնհայտ հետնապահներն են՝ Դեմկրատական կուսակցությունը, Կոմունիստները ու «Միավորված հայերը»։ Պատճառը պարզից էլ պարզ է. այս կուսակցությունները փող չունեն։ Կամ՝ ինչպես ասում են՝ պայքարում են «օլիմպիական» մոտեցմամբ, որտեղ կարևորը մասնակցությունն է և ոչ թե հաղթելու հնարավորությունը: Իսկ եթե ստացվի՝ ուժեղների հետ սակարկելու հեռանկարը: Ինչպես տեսնում ենք՝ այսօր Հայաստանի քաղաքական հարթակում չկա համընդհանուր հարգանքի արժանի սիրված և հեղինակություն վայելող կուսակցություն: Եվ դա ցավալի է, չափից ավելի ցավալի է…. Սակայն այս պահին ամենակարևորը դա չէ, այլ այն, որ ընտրության արդյունքները գոնե ամբողջովին չկեղծվեն:
Մանվել Մկրտչյան

←В Минске открылся «зеленый» форум

Лента Новостей ТОП-Новости Беларуси
Яндекс.Метрика